Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են հուլիսի 31-ին, տեղական ժամանակով ժամը 03:54-ին:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 186 կմ դեպի հյուսիս- արեւելք, Ֆուկուսիմա նահանգում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վնասվածքներ են ստացել Իբարակի նահանգի երեք բնակիչներ: «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի օպերատոր Tokyo Electric Power (TEPCO) ընկերության տվյալներով` այդ եւ հարեւանությամբ գտնվող «Ֆուկուսիմա 2» ատոմակայանում որեւէ բարդություն չի առաջացել:
Հաղորդվում է, որ մեկ օրվա ընթացքում «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի տարածքում 4 բալ ուժգնությամբ եւս երկու երկրաշարժ է արձանագրվել: Ըստ սեյսմոլոգների` սեյսմիկ ակտիվությունը դեռեւս կպահպանվի: